Ամերիկացին հազվագյուտ մետաղադրամ է հայտնաբերել, որը միլիոնավոր դոլարներ արժե

22:46 • 27.04.18

Ամերիկացի դրամագետը հազվագյուտ մետաղադրամի տեր է դարձել, որը միլիոնավոր դոլարներ արժե:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, խոսքը հինգ դոլարանոց մետաղադրամի մասին է, որը մոտ 300 օրինակով հատվել է 1854 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Մինչ օրս համարվում էր, որ դրանցից միայն երեքն են պահպանվել:

Դրանցից մեկը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում, մյուսը՝ մասնավոր կոլեկցիայի մաս է կազմում, իսկ երրորդը գողացվել էր ԱՄՆ մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Դյուպոնների ներկայացուցչից 1967-ին: Այն հայտնաբերել այլևս չի հաջողվել:

Մետաղադրամի տերը, որի անունը չի նշվում, սկզբնական շրջանում կարծել է, որ այն կեղծ է, սակայն հազվագյուտ նմուշների իսկությունն ստուգող Numismatic Guaranty Corporation ընկերության մասնագետները հաստատել են մետաղադրամի իսկությունը:

Բացի այդ, նրանք ապացուցել են, որ հայտնաբերված մետաղադրամը Դյուպոններից գողացված նմուշը չէ: Նրանք համեմատել են այն գողությունից առաջ արված լուսանկարների հետ: