Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ է վերադարձել 12 ժամ տևած միջկորեական գագաթնաժողովից հետո
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը վերադարձել է Հյուսիսային Կորեա սահմանային Պհանմունջոմ բնակավայրի հարավային կողմում անցկացվող միջկորեական գագաթնաժողովից հետո, հայտնում է Associated Press գործակալությունը:
Գագաթնաժողովը տևել է 12 ժամ: Արևմտյան հեռուստաալիքների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է ԿԺԴՀ առաջնորդը նստում սև ավտոմեքենա և ուղևորվում Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի սահման:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ հայտարարել են, որ մտադիր են զինադադարից անցնել խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ, երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:










