ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են անցկացվել հայաստանյան իրադարձությունների մասին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Միջոցառմանը հրավիրված են եղել վերլուծաբաններ Սթեֆան Նիքն ու Էլեն Աղեքյանը, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը:
«Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է International Republican Institute կազմակերպության վրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում:
Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը:
«Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով և փորձում է պահպանել իշխանությունը»,- նշում է Աղեկյանը:
Չնայած այն հանգամանքին, որ գործող համակարգի վերջնական հեռացումը, ըստ Աղեքյանի, երկարատև ու դժվարին գործընթաց է, քանի որ պահանջում է մի շարք այլ կարևոր գործոններ, ներառյալ անկախ ընտրական և դատական համակարգի ձևավորումը, ավելի ազատ մամուլը և պատասխանատու իշխանությունը, վերլուծաբանն ընդգծում է այս շարժման աննախադեպ բնույթը ողջ եվրասիական տարածաշրջանի համար:
Աղեքյանն առանձնացնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, որն, ըստ փորձագետի, ավելի հզոր է, քան պատկերացնում էին շատերը: Նա կարևորում է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի և երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










