Մահացել է Բոլիվիայի նախկին նախագահ Լուիս Գարսիա Մեսան
Գեներալ Լուիս Գարսիա Մեսա Տեխադան, որը Բոլիվիան ղեկավարել է 1980-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում և որտեղ ռազմական բռնապետություն է հաստատել, կիրակի մահացել է 88 տարեկանում: Այս մասին հայտնում է La Razon պարբերականը:
Աղբյուրի տվյալներով՝ Մեսան մահացել է հիվանդանոցում: Ինչպես բժիշկները հայտնել են, նախօրեին վերջինս սրտի երեք կաթված է տարել: Նրա հարազատները դեռ չեն որոշել, թե երբ և որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը:
Գեներալ Լուիս Գարսիա Մեսան իշխանության է եկել հեղափոխությունից հետո, սակայն երկար չի մնացել իշխանության գլխին՝ մեկ տարուց քիչ ավելի: 1995-ին Բոլիվիայի Գերագույն դատարանը երկրի նախկին ղեկավարին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների և իշխանության ընդդիմադիրների սպանության համար: Նրանք բոլորը դարձել են «Կոնդոր» արշավի զոհը, որը համատեղ իրականացրել են Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Չիլիի ռազմական ռեժիմները՝ քաղաքական ընդդիմադիրների ֆիզիկական ոչնչացման նպատակով:










