Եգիպտական բուրգերի մոտ գտնվող թանգարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Գիզայի հանրահայտ բուրգերի հարևանությամբ գտնվող Մեծ եգիպտական թանգարանի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է NTV-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, այրվել են շինարարական սանդուղքն ու մեկուսիչ նյութերը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բոլոր աշխատողներին տարհանել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին 10 մարտական հաշվարկ է մասնակցել: Ներկա պահին հրդեհը տեղայնացվել է: Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են, սակայն որոշ տվյալներով՝ այն կարող էր բռնկվել զոդագործների կողմից անվտանգության տեխնիկային չհետևելու պատճառով:
Թանգարանային համալիրի շինարարությունն սկսվել է 2013-ին, թեև այն կառուցելու ծրագրերն առկա էին 2002 թվականից: Երկրում 2013-ին տեղի ունեցած հեղաշրջումից և դրան հաջորդած տնտեսական դժվարություններից հետո շինարարությունը դանդաղ տեմպերով էր առաջ ընթանում: Ակնկալվում է, որ թանգարանը մասամբ կբացվի այս տարի, իսկ ամբողջությամբ համալիրը կգործարկվի 2022 թվականին:










