Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ միջոցառումը

14:04 • 29.04.18

Գերմանիայի Հյուսիսային Ռեն Վեսթֆալիա նահանգում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ Զոլինգենի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։

Աղբյուրը նշում է, որ միջոցառումն ավելի վաղ ծրագրված է եղել տեղի կառավարության կողմից, սակայն այժմ չեղարկվել է Թուրքիայում կայանալիք վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այն Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից որպես քաղաքական քարոզչության հարթակ չդարձնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիան, Նիդեռլանդները և Գերմանիան նախկինի պես չեն թույլատրի Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներին նախընտրական քարոզչությամբ զբաղվել տեղի թուրքական համայնքների շրջանակում:

Անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ այդ երկրի իշխանությունների կողմից թուրք պաշտոնյաներին իրենց նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի թուրքական համայնքի առաջ ելույթ ունենալու թույլտվություն չտալու համար: