Մեքսիկայում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել՝ ավելի քան 50 ավտոմեքենայի մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

19:51 • 29.04.18

Մեքսիկայում զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որում ավելի քան 50 ավտոմեքենա է ներգրավվել: 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սալտիլյո-Մոնտերեյ մայրուղու վրա: Միջադեպի հետևանքով 15 մարդ է տուժել, որոնցից 5-ին անհապաղ հոսպիտալացրել են: Տուժածներին օգնություն են ցուցաբերել փրկարարները, Դաշնային ոստիկանության աշխատակիցները և Կարմիր խաչի բժիշկները: 

Վթարի նախնական պատճառը, ինչպես նշվում է, ճանապարհի՝ մառախուղով պայմանավորված վատ տեսանելիությունն է եղել: Ներկա պահին ճանապարհը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար: