Սերբիայում տղամարդը փակվել է տանն ու սպառնացել նռնակ պայթեցնել, ոստիկանությունը համոզել է նրան հանձնվել

16:16 • 29.04.18

Սերբիայի հարավ-արևմուտքում գտնվող Նովի Փազար քաղաքի բնակիչը, որն այս գիշեր, փակվելով իր տանը, սպառնացել էր նռնակ պայթեցնել, հանձնվել է ոստիկանությանը, այս մասին գրում է tanjug.rs-ն։

Ըստ գործակալության հայտնած տվյալների՝ ուշ երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել ընտանեկան վեճի մասին, որի ընթացքում բռնություն է կիրառվել։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, 65-ամյա տղամարդը փակվել է տանն իր ընտանիքի 4 անդամների հետ ու սպառնացել նռնակ պայթեցնել։

Ավելի ուշ տան անդամներին հաջողվել է փախչել տանից և տղամարդն այնտեղ միայնակ է մնացել։

Ոստիկանությունը շրջափակել էր տունն ամբողջ գիշերվա ընթացքում՝ փորձելով բանակցել տղամարդու հետ։ Քաղաքային ոստիկանության պետ Ռեշադ Ջանկովիչը, մտնելով տուն, կարողացել է համոզել տղամարդուն հանձնվել։