Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել վարչապետին ուղղված նամակի հրապարակումից հետո
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը հրաժարական է ներկայացրել ներգաղթյալների հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է BBC-ն:
Երկրի վարչապետ Թերեզա Մեյին ուղղված իր ուղերձում Ամբեր Ռադը խոստովանել է, որ մոլորեցրել է խորհրդարանականներին՝ չնայած իր առաջ նման խնդիր չէր դրել:
«Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է անել, որովհետև ես ոչ դիտավորյալ ձևով մոլորեցրել եմ ներքին գործերի հարցերով հանձնաժողովին՝ անօրինական ներգաղթյալների արտաքսմանը վերաբերող թիրախային ցուցանիշների հարցի շուրջ»,- գրել է նա:
Ամբեր Ռադն անցած շաբաթ հայտնել էր խորհրդարանականներին, որ ներքին գործերի նախարարությունը չունի անօրինական ներգաղթյալներին հեռացնելու առնչությամբ թիրախային ցուցանիշներ, բայց կիրակի The Guardian պարբերականը նամակ է հրապարակել, որտեղ Ռադը Թերեզա Մեյին հայտնում է առաջիկա տարիներին 10 տոկոսով ավելի շատ անօրինական ներգաղթյալ արտաքսելու իր նպատակի մասին:










