Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հս. Կորեա
Չինաստանի պետական խորհրդի անդամ, երկրի արտգործնախարար Վան Ին մայիսի 2-3-ը կայցելի Հյուսիսային Կորեա: Այդ մասին հաղորդվում է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իր հյուսիսկորեացի գործընկեր Լի Յոն Խոյի հրավերով Չինաստանի արտգործնախարարը մայիսի 2-3-ը կայցելի ԿԺԴՀ»,- ասված է հայտարարությունում:
Այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը ուրբաթ պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ հայտարարել են, որ մտադիր են զինադադարից անցնել խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ, երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:










