Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը բանակցության ենթակա չէ. Ռոհանին՝ Մակրոնին

13:08 • 30.04.18

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ասել է, որ 2015թ. «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ կնքված պատմական միջուկային համաձայնագիրը բանակցության ենթակա չէ, հայտնում է AFP գործակալությունը՝ Իրանի նախագահական գրասենյակի կայքին հղումով:

«Միջուկային համաձայնագիրը կամ դրա պատրվակով ցանկացած այլ թեմա բանակցության ենթակա չէ»,-ասել է Ռոհանին Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Իրանը չի ընդունի իր հանձնառություններից զատ ցանկացած այլ սահմանափակում»,-ասել է նա: 

Ավելի վաղ Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր մշակելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ Թրամփը պահանջել էր եվրոպացի դաշնակիցներից մինչև մայիսի 12-ը կարգավորել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները», հակառակ դեպքում նա կհրաժարվի երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահն Իրանին խոստացել էր «ավելի շատ խնդիրներ, քան երբևէ», եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը: 

«Եթե նրանք վերսկսեն իրենց միջուկային ծրագիրը, նրանք այնպիսի խնդիրներ կունենան, որպիսին երբևէ չեն ունեցել»,-հայտարարել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:

Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակի» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ՝ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: