Սիրիայում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 26 մարտիկ, հիմնականում՝ իրանցիներ
Լույս ապրիլի 30-ի գիշերը Սիրիայի Համա քաղաքի մերձակայքում իրականացված հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 26 մարտիկ, որոնց մեծ մասը իրանցիներ են եղել: Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների մշադիտարկման սիրիական կենտրոնին:
Կենտրոնի հաղորդմամբ՝ Համայի 47-րդ ջոկատի բազայում գտնվող մարտիկները սպանվել են գործողության ընթացքում, որը «հավանաբար» իրականացվել է Իսրայելի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական Համա և Հալեպ քաղաքների մերձակայքում գտնվող ու կառավարական բանակին պատկանող ռազմական օբյեկտներն այս գիշեր օդային հարձակման են ենթարկվել:
Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդային հարձակումն իրականացվել է «թշնամու հրթիռների» միջոցով: Լրատվամիջոցները նաև չեն հաղորդել զոհերի կամ տուժածների, ինչպես նաև հասցված նյութական վնասի տվյալների մասին:
Իսրայելական բանակն առայժմ հրաժարվել է մեկնաբանել հարձակմանն իրենց հնարավոր մասնակցության մասին ենթադրությունները։ Հայտնի է, որ ավելի վաղ Իսրայելը տասնյակ անգամ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտները:










