Հրվ. Կորեան սահմանից կհեռացնի քարոզչական բարձրախոսները, իսկ Հս. Կորեան կհավասարեցնի ժամային գոտիները

10:51 • 30.04.18

Հարավային Կորեան հայտարարել է, որ Փհենյանի հետ հաշտեցման ուղղությամբ պայմանավորված քայլերի շրջանակում Հյուսիսային Կորեայի հետ սահմանից կհեռացնի քարոզչական տեքստեր հեռարձակող բարձրախոսները, իսկ Փհենյանը համաձայնել է հետ տալ ժամերը՝ Հարավային Կորեայի հետ նույն ժամային գոտում լինելու համար, գրում է Daily Mail-ը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ կայացած պատմական հանդիպման ժամանակ ցավալի էր տեսնել երկու ժամացույցներ, որոնք ցույց էին տալիս Փհենյանի և Սեուլի տարբեր ժամերը:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Սեուլի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ կհեռացնի սահմանին տեղադրված տասնյակ բարձրախոսները և ակնկալում է, որ նույնը կանի նաև Փհենյանը: Հարավային Կորեան պատմական հանդիպումից առաջ անջատել էր իր բարձրախոսները, իր քարոզչական հեռարձակումներն էր դադարեցրել նաև Հյուսիսային Կորեան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: 

Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ հայտարարել են, որ մտադիր են զինադադարից անցնել խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին:

Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ, երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ: