Լոռիում 46-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել. հայտնաբերվել է երկտող

13:37 • 30.04.18

Լոռու մարզի Դսեղ գյուղում քաղաքացին ինքնասպանություն է գործել հայրական տանը: Նա երկու ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Դսեղ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը:

«Ինքնասպանություն գործած 46-ամյա քաղաքացին մեր համայնքի բնակիչ չէր: Նա տարիներ առաջ գրանցվել էր Երևանում, իսկ այնուհետև ապրում էր Ռուսաստանում: Երկու ամիս առաջ մահացել էր նրա մայրը, ինչի կապակցությամբ նա վերադարձել էր գյուղ և շարունակում էր ապրել այստեղ: Երեկ նրան հայտնաբերել են կախված»,-ասաց Հովսեփյանը:

Համայնքապետն ասաց, որ ընկճված մարդ է եղել, ՌԴ-ում դատապարտված է եղել:

Հովսեփյանը հայտնեց, որ նրա մոտ հայտնաբերվել է նաև երկտող. «Անձամբ չեմ կարդացել, բայց հարազատները պատմում են, որ գրել է, թե իր ինքնասպանության համար ոչ ոքի պետք չէ մեղադրել, ինձ ներեք և կթաղեք հորս կողքը»:

Համայնքապետը հայտնեց, որ դեպքի մասին հայտնել են իրավապահներին, քննություն է կատարվում: