Մերկելը չի բացառել ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը». Independent

14:46 • 30.04.18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնարկել է, որ Եվրամիությունը կարող է «առևտրային պատերազմի» մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը որոշի ԵՄ երկրներին ներառել այն պետությունների շարքում, որոնց նկատմամբ սահմանվել են ներկրման բազմամիլիարդանոց մաքսատուրքեր, հայտնում է Independent-ը:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այս հարցում նա ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը:

ԵՄ-ն մինչ այս չի ընդգրկվել երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքեր:

Եվրոպական պետություններին մաքսատուրքերից ժամանակավոր ազատելու վերաբերյալ Թրամփի որոշման ժամկետն ավարտվում է երեքշաբթի և հաղորդվում է, որ Մերկելի և Մակրոնի այցերը կարծես չեն համոզել ԱՄՆ նախագահին երկարաձգել ժամկետները:

Վաշինգտոնից վերադառնալուց հետո Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտպանելու է իր շահերը բազմակողմ առևտրի շրջանակներում:

Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Մեյի և Մակրոնի հետ և բոլոր երեքը «համաձայնել են, որ ԱՄՆ-ն չպետք է առևտրային սահմանափակումներ կիրառի Եվրամիության դեմ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար: Ցանկից բացառվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև մայիսի 1-ը։ Հաղորդվել է, որ մինչև 2018 թվականի մայիսի 1-ն ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով խորհրդակցությունները, կորոշի, թե արդյոք այդ երկրները կշարունակեն ազատվել մաքսատուրքերից: