Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնում մուսուլման է նշանակվել

15:50 • 30.04.18

Ծագումով պակիստանցի Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի  պաշտոնում՝ դառնալով Միացյալ Թագավորության պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցնող առաջին մուսուլմանը:

Ինչպես նշում է The Guardian-ը, վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական թվիթերյան էջում  հայտարարվել է, որ Սաջիդ Ջավիդը նշանակավել է ՆԳ նախարար:

Հայտնի է, որ Ջավիդն ազգությամբ պակիստանցի է, սակայն ծնվել է բրիտանական Ռոչդեյլում: Նա Պահպանողական կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է  վարչապետ Դևիդ Քեմերոնի ղեկավարած կառավարությունում:

Հիշեցնենք, որ ՆԳ նախարարի պաշտոնում Ջավիդը փոխարինել է Էմբեր Ռադին, որը ինքնակամ հրաժարական է տվել՝ ներգաղթյալների հետ կապված սկանդալի պատճառով:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյին ուղղված իր ուղերձում Ամբեր Ռադը խոստովանել է, որ մոլորեցրել է խորհրդարանականներին՝ չնայած իր առաջ նման խնդիր չէր դրել:

«Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է անել, որովհետև ես ոչ դիտավորյալ ձևով մոլորեցրել եմ ներքին գործերի հարցերով հանձնաժողովին՝ անօրինական ներգաղթյալների արտաքսմանը վերաբերող թիրախային ցուցանիշների հարցի շուրջ»,- գրել է նա:

Ամբեր Ռադն անցած շաբաթ հայտնել էր խորհրդարանականներին, որ ներքին գործերի նախարարությունը չունի անօրինական ներգաղթյալներին հեռացնելու առնչությամբ թիրախային ցուցանիշներ, բայց կիրակի The Guardian պարբերականը նամակ է հրապարակել, որտեղ Ռադը Թերեզա Մեյին հայտնում է առաջիկա տարիներին 10 տոկոսով ավելի շատ անօրինական ներգաղթյալ արտաքսելու իր նպատակի մասին: