Սիրիական ռազմակայանները նոր հրթիռակոծման են ենթարկվել

09:50 • 30.04.18

Սիրիական Համա և Հալեպ քաղաքների մերձակայքում գտնվող ու կառավարական բանակին պատկանող  ռազմական օբյեկտներն այս գիշեր օդային հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրին։

Առայժմ հայտնի չէ, թե որ ուժերն են նախաձեռնել հարձակումը։ Սակայն աղբյուրի պնդմամբ՝ օդային հարձակումն իրականացվել է «թշնամու հրթիռների» միջոցով:

Զոհերի կամ տուժածների, ինչպես նաև հասցված նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկություն չկա:

Հայտնի է, որ Համա քաղաքի մոտակայքում սիրիական բանակի 47-րդ ջոկատի զենքի պահեստի վրա ձեռնարկված հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։

Իսրայելական բանակն առայժմ հրաժարվել է մեկնաբանել հարձակմանն իրենց հնարավոր մասնակցության մասին ենթադրությունները։ Հայտնի է, որ ավելի վաղ Իսրայելը տասնյակ անգամ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտները: