Միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի դեմ նոր ռազմարշավ սկսելու մասին

21:11 • 01.05.18

ԱՄՆ-ը, միջազգային կոալիցիան և տեղի գործընկերները Սիրիայում նոր ռազմարշավ են սկսում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերն ազատագրելու ուղղությամբ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

«ԱՄՆ-ը, միջազգային կոալիցիան և տեղի գործընկեները, այդ թվում և «Սիրիական ժողովրդական ուժեր» զորամիավորումը սկսում են Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետերի ազատագրումը»,- ասվում է Նաուերթի հայտարարության մեջ:

Վերջինս ընդգծել է, որ «պայքարը բարդ է լինելու», սակայն ԱՄՆ-ը և գործընկերները «հաղթանակ են տանելու»:

«Մենք հարձակման դեպքում պաշտպանելու ենք կոալիցիային և գործընկեր ուժերին: ԻՊ-ի վերահսկողության և սիրիական ժողովրդի դեմ ահաբեկչության օրերն ավարտվել են», - շեշտել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նաուերթի խոսքով՝ իրենք աշխատելու են Թուրքիայի, Իսրայելի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի հետ միասին՝ իրենց սահմաններն ԻՊ-ից պաշտպանելու համար: