Ո՛չ «առևտրային պատերազմին». Թրամփը հետաձգել է դաշնակիցների համար մետաղների ներկրման բազմամիլիարդանոց մաքսատուրքերի սահմանումը
Միացյալ Նահանգների իշխանությունները մինչև հունիսի 1-ը հետաձգել են դաշնակից երկրների համար պողպատի և ալյումինի համար բազմամիլիարդանոց մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ որոշումը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Եվրամիության, Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքերի վերաբերյալ որոշման կայացումը: Նշվում է, որ Ավստրալիայի, Արգենտինայի և Բրազիլիայի հետ արդեն ձեռք է բերվել մշտապես մաքսատուրքերից ազատվելու վերաբերյալ համաձայնություն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար, ինչը խիստ քննադատության է արժանացել տարբեր երկրների կողմից: Ցանկից բացառվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվեր մինչև մայիսի 1-ը։ Հաղորդվել է, որ մինչև 2018 թվականի մայիսի 1-ն ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով խորհրդակցությունները, կորոշի, թե արդյոք այդ երկրները կշարունակեն ազատվել մաքսատուրքերից:










