Որոշվել է Կիմ Չեն Ընի և Թրամփին պատմական հանդիպման վայրը. CNN
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը համոզել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող պատմական հանդիպումն անցկացնել երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի առաջնորդները հանդիպել են նույն վայրում անցած ուրբաթ: Աղբյուրի խոսքերով՝ մեծ հավանականությամբ գագաթնաժողովը կանցկացվի այդ նույն վայրում, որոշ միջոցառումներ հնարավոր է անցկացվեն սահմանագծի հյուսիսային կողմում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ Պհանմունջոմ բնակավայրում՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ հայտարարել են, որ մտադիր են զինադադարից անցնել խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ, երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:










