Հրվ. Կորեայի նախագահը բացառել է երկրից ամերիկյան զորքի դուրսբերումը

14:10 • 02.05.18

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կտրականապես հերքում է Հյուսիսային Կորեայի հետ հաշտության համաձայնագրի կնքման դեպքում երկրից ամերիկյան զորքերի հնարավոր դուրս բերման մասին լուրերը, գրում է РИА Новости գործակալությունը։

Նախագահական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկյան զորքերի՝ Հարավային Կորեայում գտնվելը կապված է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների փաստով և որևէ կապ չունի Հյուսիսային Կորեայի հետ հաշտության համաձայնագրի հետ։

Ըստ իշխանությունների՝ ամերիկյան ուժերն այստեղ ավելի շատ միջնորդի դեր են իրականացնում այնպիսի ազդեցիկ հարևանների հետ հարաբերություններում, ինչպիսիք են Ճապոնիան կամ Չինաստանը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:

Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ: