ԵՄ-ն Հայաստանում բոլոր կողմերին առճակատումից խուսափելու կոչ է արել

09:33 • 02.05.18

Եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում  նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում:

«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ  ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահպաններն ու  հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում:

Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ այդ թվում նաև  քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու  բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»,-ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը չի ընտրել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Պաշինյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 45, դեմ՝ 55 պատգամավոր:

Ըստ օրենքի՝ ԱԺ-ն մեկ շաբաթից պետք է նորից փորձի վարչապետ ընտրել: Եթե պատգամավորների մեծամասնությունը կրկին դեմ քվեարկի, խորհրդարանը կցրվի: