Քրեաիրավական բնույթի 3 նյութերում կասկածներ են եղել, որոնք ուղարկվել են Գլխավոր դատախազություն. ԱԺ-ում քննարկվում է ՎՊ-ի տարեկան զեկույցը
ԱԺ-ը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը» հարցը:
Հիմնական զեկուցող՝ ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում վերահսկողությամբ արձանագրված նյութերից երեքում ՎՊ խորհուրդն ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ, և այդ նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
«Դրանք են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ԴԱՀԿ-ի և ՀՀ-ում Տավարաբուծության զարգացման գյուղատնտեսության նախարարության ծրագրի մասով կազմված արձանագրությունները»,- ասաց նա:
Լևոն Յոլյանը տեղեկացրեց, որ օրերս «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվության հիմա վրա պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծ փաստերի առիթով Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ: Մնացած նյութերով ուսումնասիրությունները, ըստ նրա, շարունակվում են, և ինքը զերծ կմնա առավել մանրամասն տեղեկություններ հայտնելուց՝ քրգործին չվնասելու համար:
ՎՊ նախագահը նշեց, որ այս տարի նոր մոտեցում են որդեգրել՝ վերահսկողի բոլոր պարզաբանումները և առարկությունները կից հավելվածով ներառել են ընթացիկ հաշվետվությունում՝ դրանք դարձնելով հրապարակային:
Ըստ նրա՝ հաշվետվությունը ներկայացվել է մատչելի ու հասկանալի, զերծ այնպիսի տերմիններից, ինչպիսիք են չարաշահումներ, այսինչ չափով վնաս և այլն: «Փաստն ենք միայն արձանագրել»,- ասաց նա:
Լևոն Յոլյանի խոսքով՝ 2017 թ-ի համար 240 եզրակացություն ու եզրահանգում է արվել, ներկայացվել է 180 առաջարկ, որոնք բովանդակությամբ տարբեր են:
Ըստ ՎՊ նախագահի՝ շեշտադրել են, որ ի վերջո կարևորն այն չէ, որ պետության կարիքների համար ապրանքը, ծառայությունները գնվել են թանկ թե էժան, պակաս կարևոր չէ ծրագրերի արդյունավետության ու նպատակայնության հարցերը:
«Ծրագրերի իրականացումից ստացված արդյունքներին է ուշադրություն դարձվել»,- ասաց նա և մեկ օրինակ բերեց:
Լևոն Յոլյանը նշեց, թե գաղտնիք չէ՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով երկրում կա գյուղտեխնիկայի կարիք:
«Այդ նպատակով Կառավարությունը 2015-17թթ-ին 8 մարզում 113 գյուղկոոպերատիվներ է հիմնել՝ 406 միավոր՝ 2 մլրդ 100 մլն դոլարի գյուղտեխնիկա է գնել: Ստուգմամբ արձանագրվել է, որ գյուղատնտեսության նախարարությունը կոոպերատիվների ուսումնասիրություն չի իրականացրել, գույքի նպատակային շահագործման մոնիթորինգ չի իրականացրել, գյուղտեխնիկան չի օգտագործվել գյուղգործիքների բացակայության պատճառով և հակառակը: Շատ դեպքերում տեխնիկան չի օգտագործվել, որոշ դեպքերում ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ է օգտագործվել, կոոպերատիվների մեծ մասը ձևական բնույթ է կրել, այսինքն՝ չի ծառայել նպատակին և օգտագործվել է ոչ լիարժեք»,- ասաց նա:










