Իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան․ Նիկոլ Փաշինյան

14:48 • 03.05.18

Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ երաշխիքներ ունի, որ «Հանրապետական» խմբակցությունը չի խախտի խոստումը, և չի կրկնվի մայիսի 1-ը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում վարչապետ ընտրվելու դեպքում խորհրդարանական մեծամասնության ՝ՀՀԿ-ի հետ աշխատանքը, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Աշխատանքային մթնոլորտ է լինելու, ինչպես նախկինում ասել եմ՝ մեր նպատակը Հայաստանում համերաշխության համազգային միասնության մթնոլորտի հաստատումն է։ Այդ խնդիրը լուծելու համար կան բոլոր նախապայմանները»։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան։

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ, և մենք դրանք կկիրառենք»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը մեխանիզմների, ճանապարհների մասին դեռ չխոսեց, նա կարևոր համարեց այս փուլում անցումային կառավարության ձևավորումը, թե ովքեր կլինեն այնտեղ՝ ևս չմանրամասնեց։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր վրա չի վերցնելու դատախազի, դատավորի, ՀՔԾ պետի գործառույթները, ամեն ինչ լինելու է օրինականության  շրջանակներում։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք վարչապետ ընտրվելուց հետո կհանդիպի Լևոն Տեր- Պետրոսյանի հետ, պատգամավորն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կհանդիպի։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 8-ին լինելու է հանրահավաք։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ դեսպանի հետ, այս համատեքստում նշվեց միայն, որ աշխարհաքաղաքական հարցեր են քննարկվել։


Անի Գևորգյան