Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի տվյալները կարող են հին լինել. Լավրով
Իրանի կողմից գաղտնի միջուկային ծրագիր ունենալու վերաբերյալ Իսրայելի ապացույցները հավանաբար վերաբերում են ավելի վաղ ժամանակատվածի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պատրաստմանը մասնակցած մասնագետները և իմ լսած մեկնաբանությունները վկայում են, որ այդ փաստաթղթերը, շատ հնարավոր է, վերաբերում են նախկինում ծավալած ու ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային Էներգիայի միջազգային գործակալություն) կողմից հաշվի առնված գործունեությանը»,-ասել է նա:
«Եթե Իսրայելը կամ որևէ այլ մեկը ստացել են փաստաթղթեր, որոնք, ինչպես պնդում են, ապացուցում են, որ Իրանը պահպանում է միջուկային զենքի ծրագրերը, ապա այդ փաստաթղթերը պետք է անհապաղ փոխանցվեն ՄԱԳԱՏԷ-ին»,-ընդգծել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կողմից ենթարկվում է ամենամանրազնին ստուգումներին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է հետախուզության կողմից ձեռքբերված գաղտնի փաստաթղթերի առկայության մասին, որոնք ապացուցում են, որ Իրանը միջազգային հանրության հետ գործարքը ստորագրելուց հետո պահպանում է ռազմամիջուկային ոլորտի իր ծրագրերը՝ հույս ունենալով դրանք օգտագործել ապագայում:
Վարչապետի խոսքերով՝ Իսրայելին հաջողվել է ձեռք բերել մոտ 100 հազար թղթային և թվային փաստաթուղթ Թեհրանի հարավում գաղտնի արխիվից:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակի» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ՝ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:










