Գերմանիայում սկսվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը

21:37 • 03.05.18

Գերմանիայի Լյուբմին քաղաքում սկսել են պատրաստել «Հյուսիսային հոսք 2» գազատարը ափ դուրս բերելու համար նախատեսված շինարարական հարթակը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Nord Stream 2 գազատարի օպերատոր ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ գործընթացը նախատեսում է «վարչական կառույցների շինարարության ավարտը, ինչպես նաև նախապատրաստումը ափ դուրս գալու տարածքում տեղադրման աշխատանքներին»: 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվում են թույլտվության համաձայն:

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ հզորությամբ երկու գծի կառուցումը: Խողովակները սկսվելու են Ռուսաստանի ափերից և Բալթիկ ծովով հասնելու են մինչև Գերմանիա՝ գործող «Հյուսիսային հոսքի» հարևանությամբ:

Բեռլինը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության համար թույլտվություն է տրվել մարտի վերջին: