Թրամփը փաստաբանին փոխհատուցել է պոռնոդերասանուհուն վճարած 130.000 դոլարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր փաստաբան Մայքլ Քոենին փոխհատուցել է այն 130.000 դոլարը, որը նա 2016թ. նախագահական քարոզարշավի ժամանակ վճարել էր նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին (կեղծանունը՝ Սթորմի Դենիելսը)՝ Թրամփի հետ ունեցած սեքսուալ կապի մասին լռության դիմաց: Նման հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, հայտնում է The Hill-ը:
Ջուլիանին, որը վերջերս միացել է Թրամփի թիմին, հայտարարել է, որ վճարումը եղել է ամբողջովին օրինական:
«Նախագահը վերադարձրել է գումարը»,-ասել է Ջուլիանին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփը գիտեր պայմանավորվածության մասին՝ փաստաբանն ասել է. «Նա գիտեր ընդհանուր պայմանավորվածության մասին, որ Մայքլը այդ հարցերով է զբաղվելու»:
Ավելի վաղ լրագրողների հարցին, թե արդյոք նա գիտեր Քլիֆորդին տրված գումարի մասին՝ Թրամփը պատասխանել է. «Ոչ»: Հարցին, թե ինչու է Քոենը վճարել պոռնոդերասանուհուն՝ նախագահն ասել է. «Դուք ստիպված կլինեք այդ մասին հարցնել Մայքլ Քոենից»: Վերջինս ավելի վաղ հայտարարում էր, որ Քլիֆորդին վճարել է անձնական միջոցներից և որ Թրամփը այդ գումարը չի փոխհատուցել:
Հիշեցնենք, որ նախկին պոռնոաստղին դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին: Քլիֆորդը քաղաքացիական հայց էր ներկայացրել Լոս Անջելեսի բարձրագույն դատարան՝ պնդելով, որ ինքը չի ստորագրել Թրամփի փաստաբանի՝ ղեկավարի հետ ունեցած ինտիմ կապի վերաբերյալ տեղեկությունը չհրապարակելու մասին համաձայնագիրը:
Թրամփը, ավելի վաղ հերքել էր Քլիֆորդի հետ կապը: Սակայն պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ:










