ԱՄՆ-ում հայ բժիշկը վիրահատել է 38-ամյա կնոջը՝ հեռացնելով 60 կգ կշռող ուռուցքը
ԱՄՆ-ում վիրահատել են Կոնեկտիկուտ նահանգում բնակվող 38-ամյա կնոջը՝ հեռացնելով 60 կգ կշռող ձվարանային ուռուցքը:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով վիրահատությունն իրականացրած բժիշկներից երկուսին, դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 14-ին: Վիրահատությունն իրականացվել է Կոնեկտիկուտի հիվանդանոցներից մեկում: Ամերիկուհին, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նշել է, որ ուռուցքը նոյեմբերին սկսել էր մեծանալ շաբաթական 4 կգ-ով:
Բժիշկների թիմը, որոնց թվում՝ 12 վիրաբույժ, հսկայական ուռուցքը հեռացրել է 5 ժամ տևած վիրահատության ընթացքում:
Հայազգի գինեկոլոգ-օնկոլոգ Վահագն Անդիկյանը, ով վիրահատության ժամանակ ավագ վիրաբույժն է եղել, հայտնել է, որ իրենք հեռացրել են ձախ ձվարանում առաջացած ուռուցքը, ձվարանի փողը և ձվարանի հարակից հատվածի վնասված հյուսվածքը:
«Ձվարանի լորձային ուռուցքը սովորաբար մեծ է լինում, սակայն նման մեծության ուռուցքները խիստ հազվադեպ են հանդիպում գրականության մեջ: Այն կարող էր ընդգրկվել ողջ աշխարհում հանդիպած նմանատիպ ամենամեծ ուռուցքների առաջատար տասնյակում», - ասել է Անդիկյանը:
Ինչպես նշվում է, թեև ուռուցքը քաղցկեղային չէր և չէր տարածվել ձվարանից դուրս, այն ճնշում էր գործադրում արյունատար անոթների վրա՝ այդպիսով սպառնալիք հանդիսանալով ամերիկուհու կյանքի համար:









