Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ազգայնական հարձակում կատարած տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան

11:03 • 04.05.18

Ստամբուլի Քադըքյոյ շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա ազգայնական հարձակում իրականացրած անձը տեղափոխվել է հոգեբուժարան, գրում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ 45-ամյա Սերդար Ք․-ն, որը ձերբակալվել ու այնուհետև պայմանականորեն ազատ էր արձակվել դեպքի հաջորդ օրը, իրավապահների վերահսկողությամբ տեղափոխվել է Ստամբուլի Բաքըրքյոյի Հոգեկան առողջության եւ նյարդաբանական խանգարումների կրթական և հետազոտական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի գիշերը «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ նա մեծ քանակությամբ աղբ է լցրել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։

Եկեղեցու ղեկավարութունը վերծանել ու ոստիկանությանն էր փոխանցել տեղում աշխատող անվտանգության տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը։ Դեպքի առիթով ընթանում է հետաքնություն։

Եկեղեցու մոտ սահմանվել է ոստիկանական խստացված վերահսկողություն, նետված աղբը մաքրվել է, իսկ ազգայնական գրությունը ջնջվել է եկեղեցու պարսպից։