Պաղեստինի առաջնորդը ներողություն է խնդրել հակասեմական խոսքերի համար
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ներողություն է խնդրել իր խոսքերի համար, որոնք որպես հակասեմական են ընկալվել: Այդ մասին ասված է Իսրայելի հետ բանակցությունների հարցերով վարչության տարածած հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը:
«Եթե մարդիկ՝ հատկապես նրանք, ովքեր հուդայականության հետևորդ են, վիրավորվել են Պաղեստինի ազգային ժողովին ուղղված իմ ուղերձից, ես նրանցից ներողություն եմ խնդրում: Դա իմ մտադրությունների մեջ չէր մտնում, ուստի՝ կցանկանայի բոլորից ներողություն խնդրել ու վերահաստատել հուդայականության, ինչպես նաև մոնոթեիստական կրոնների նկատմամբ իմ հարգանքը»,-ասված է Աբասի նամակում:
«Ես նաև ցանկանում եմ կրկնել, որ մենք դատապարտում ենք Հոլոքոստը՝ որպես պատմության մեջ ամենազազրելի հանցագործություն և մեր ցավակցությունն ենք հայտնում դրա զոհերին: Մենք նույնկերպ դատապարտում ենք հակասեմականության բոլոր դրսևորումները և հաստատում ենք մեր հանձնառությունը երկու պետությունների մասին որոշմանը՝ խաղաղ և անվտանգ իրար կողք կողքի ապրելու վերաբերյալ»,- ասել է նախագահը:
Չորեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ էր արել միջազգային հանրությանը դատապարտել Աբասի հակասեմական արտահայտությունները: Նրա խոսքով՝ պաղեստինցի առաջնորդն իր ելույթում պնդել է, որ «Եվրոպայի հրեաներին հետապնդել և սպանել են ոչ թե այն պատճառով, որ նրանք հրեաներ են եղել, այլ այն պատճառով, որ նրանք տոկոսով վարկեր էին տալիս»:










