Բիլ Գեյթսը 158 միլիոն դոլար կնվիրաբերի ԱՄՆ-ում աղքատության դեմ պայքարին
Աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Բիլ Գեյթսը 158 միլիոն դոլար կնվիրաբերի ԱՄՆ-ում աղքատության դեմ համակարգային պայքարին՝ գումարը տրամադրելով տարբեր նախաձեռնություններին, գրում է Daily Mail-ը:
Բիլ և Մելինդա Գեյթսերի անվան հիմնադրամը հայտարարել է, որ գումարը կհատկացնի առաջիկա չորս տարվա ընթացքում: Հիմնադրամը ֆինանսավորելու է պիլոտային նախագծեր և հետազոտություններ, որոնք կօգնեն աջակցել այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի դեմ պայքարը և բնակարանային օգնությունը:
Հայտնի է, որ 2000թ. ի վեր Գեյթսի հիմնադրամը հիմնականում կենտրոնացած է եղել աշխարհում առողջության և գլոբալ զարգացման հարցերի վրա:
Հիշեցնենք, որ Microsoft տեխնոլոգիական ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը տարիներ շարունակ եղել է աշխարհի ամենահարուստ մարդը: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 90.9մլրդ դոլար:










