ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոմիտեի վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:










