Վենեսուելայի իշխանություններն իրենց հսկողության տակ են վերցրել երկրի խոշորագույն մասնավոր բանկը
Վենեսուելայի կառավարությունը մայիսի 3-ին 90 օրով իր հսկողության տակ է վերցրել երկրի ամենախոշոր Banesco մասնավոր բանկը՝ դրա ղեկավարների ձերբակալությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշվում է ֆինանսական և տնտեսական հարցերով փոխնախագահ Վիլմար Կաստրո Սոտելդոյի տարածած հաղորդագրությունում, այդ քայլը ձեռնարկվել է բանկի գործունեությունն ապահովելու և նրանց լիարժեք ծավալներով ծառայություններ տրամադրելու համար:
Ինչպես հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը, ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են Banesco-ի 11 ղեկավարներին, որոնք կասկածվում են ազգային արժույթի հետ կապված անօրինական գործողություններ իրականցնելու համար:
Banesco-ի նախագահ Խուան Կարլոս Էսկոտետը հայտարարել է, որ անձամբ է մեկնելու ու Վենեսուելա հասնելու է ձերբակալված գործընկերների ազատ արձակմանը: Վենեսուելա ժամանելուն պես Էսկոտետը պատրաստ է հանձնվել իշխանություններին՝ իր ենթակաների ազատ արձակման դիմաց:










