Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային սպառազինության վաճառքը
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրենսդիրները մանրամասներ են ներկայացրել պաշտպանության ոլորտի համար հաջորդ տարի առաջարկվող 717 միլիարդ դոլարի հատկացման ծրագրից: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել ՌԴ-ին և Չինաստանը զսպելուն ուղղված ծրագրեր, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների վաճառքը Թուրքիային Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու և քրդերի դեմ իրականացվող գործողությունների պատճառով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նախագծի համաձայն՝ նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության նկատմամբ և լրացուցիչ միջոցներ հատկացնել կիբերհարձակումներից պաշտպանվելու համար:
Ռազմական կարիքների համար ԱՄՆ ծախսերի չափը և առաջնահերթությունները որոշող օրենքի նախագիծը կսկսվի քննարկվել հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, իսկ դրա ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ, երբ համաձայնություն ձեռք բերվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև:










