Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (թարմացվում է)

10:05 • 05.05.18


11։37

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ Ռուզան Ազիզյանի դիմումը ներկայացվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել է շարունակել ընթացակարգը։ 

11։16

Դպրոցի ներկա և նախկին աշխատակիցները այսօր էլ  բարձրաձայնում են դպրոցում  տարիներ շարունակ կուտակված  խնդիրների մասին:

Լրագրողների հետ զրույցում դպրոցի նախկին աշխատակից Նաիրա Եղիազարյանն ընդգծեց, որ տարիներ առաջ իրեն առանց հիմքի տնօրենն ազատել է աշխատանքից, ինքը դատարանի միջոցով  կարողացել է որոշումը անվավեր  ճանաչել, ԴԱՀԿ-ի միջոցով ստացել է 2  տարվա աշխատավարձը,  բայց միևնույն է՝ իրեն չի  հաջողվել աշխատանքի վերադառնալ, քանի ողջ ուսուցչական անձնակազմին տնօրենն իր դեմ էր տրամադրել:

«Ինչ անօրինությունն ասես արվել են. դասաժամերը գրպանում աճուրդի էր  դրված, շատ վճարում ես՝ շատ դասաժամեր ես ունենում, դասղեկներից գումարներ էր հավաքում, բարձրաձայնել ենք, անօգուտ: Ես հալածանքների եմ  ենթարկվել՝ կենսաքիմիկ եմ, աշխարհագրության  դասաժամեր էր  տալիս, անընդհատ   դասալսումներ էր  անում: Հետո կարողացավ կեղծ  փաստաթղթերի հիման  վրա ինձ աշխատանքից հեռացնել»,-շեշտեց նա:

10։05

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տնօրենի դեմ ուղղված դասադուլն այսօր շարունակվում էր: Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ Ա. Մելքոնյանը քաղաքապետի հանձնարարականով այցելել էր դպրոց՝ դասապրոցեսը վերականգնելու համար: Դահլիճում հավաքված ուսուցիչներն ու աշակերտները ներկայացրեցին իրենց բողոքները:

Լրագրողների հետ զրույցում տիկին Մելքոնյանը նշեց, որ նախկինում եղել են բողոքներ, հանձնախումբ է կազմվել, որի կազմում եղել է նաև տիկին Բախշյանը: «Հանձնախումբը եկել է ուսումնասիրություններ է կատարել, ոչինչ չի արձանագրվել, նաև ոչ մեկ բանավոր չի բողոքել: Ինչպես ասում էր տիկին Բախշյանը՝ փաստաթղթերն անթերի են եղել: Հիմա եկել ենք անանուն բողոքի հետքերով և արդյունքում նման երևույթների ականատես եղել»,-ասաց Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրության արդյունքում եզրակացության կարվի և որոշում կկայացվի:

«Ուղղակի սիրտս ցավում է, որ երեխաներին մասնակից են դարձնում այս ամենին: Կուզեի բոլոր մեծերին կոչ անել երեխաներին մասնակից չդարձնել նման գործերի, նրանք թող իրենց կրթությամբ զբաղվեն»,-նշում է տիկին Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Նրանք նշում էին, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ իշխանությունների դեմ տարվող շարժամը: