Այս պահի դրությամբ որևէ այդպիսի ազդակ, կասկած չկա, որ վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա և վաղվա անելիքները
«Իմ քայլ» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ արդեն քանի օր է գրասենյակային պայմաններում է աշխատում և բավականին բարդ, ծանր աշխատանքային առօրյա է:
Խոսելով կազմակերպչական աշխատանքների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր գնալու է օդանավակայան աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին դիմավորելու և քաղաքացիներին կոչ արեց գնալ օդանավակայան:
Նա նաև նշեց, որ օդանավակայանից գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, ելույթ կունենա ինքը, Սերժ Թանկյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունը լիարժեք ծառայություն կիրականացնի ողջ ընթացքում: «Ոստիկանությունը լիարժեք ծառայության իրականացման նպատակը քաղաքացիների միջոցառմանը անվտանգությունը ապահովելն է: Քաղաքացիների և ոստիկանության միջև կհաստատվի լիարժեք եղբայրության և համագործակցության մթնոլորտ, որովհետև սա ազգային տոն է, զարթոնքի ժամ է և մենք ամեն ինչ պետք անենք, որ այս ամենը տեղի ունենա առավելագույնս բարձր մակարդակով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը վաղվա անելիքների մասին ևս խոսեց ու հիշեցրեց, որ վաղը ԱԺ-ում վարչապետի ընտրություն է տեղի ունենալու:
«Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ որևէ այդպիսի ազդակ, կասկած չկա, որ վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ և կարծում եմ, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես մենք պլանավորել ենք և Ազգային ժողովը ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին կառաջադրի վարչապետ»,-ասաց նա:
Նա նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո ժողովրդի հետ կհանդիպի Հանրապետության հրապարակում և հույս հայտնեց, որ առավոտից մարդիկ կհավաքվեն այնտեղ և ուղիղ եթերով կհետևեն վարչապետի ընտրման գործընթացին: «Ամենայն հավանականությամբ այդտեղից հետո կսկսեմ իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները, եթե արտառոց բան չլինի»,-ասաց նա:










