Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Դատարանի որոշմամբ քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց: Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն հեռանալու մասին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր կայացավ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Նա նշեց, որ գործի քննությունը պարբերաբար ձգձգվում է, խախտվում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այն դեպքում, որ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ։ Կարեն Մեժլումյանի տեղեկացմամբ՝ արդեն 40 օր է դատական նիստ չի կայացել։
«Իշխանությունների պատվերով է Անդրիաս Ղուկասյանը այստեղ, և ժողովրդական ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, ինչը մեղմում է ռիսկերը, որը կարող էր դատարանը տեսնել Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակման համար»,- ասաց պաշտպանը։
Անդրիաս Ղուկասյանի երկրորդ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավոր Վարդան Գրիգորյանին կոչ արեց քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո առաջինը լինել, որը ազատ կարձակի քաղաքական հայացքների համար կալանավորված անձի։
Դատավոր Վարդան Գրիգորյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց․ «Ղեկավարվելով ՀՀ ՔՕ 142, 144, 151 հոդվածի երրորդ կետով, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։ Դատական նիստերի դահլիճում նրան անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճից՝ վերցնելով ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին»։
Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:










