Իսրայելցի նախարարը սպառնացել է ոչնչացնել Ասադին
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը սպառնացել է տապալել և ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, եթե նա շարունակի թույլ տալ Իրանին գործել իր երկրի տարածքից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսրայելի իշխանությունները մեղադրում են Իրանին Սիրիան թշնամական հենակետի վերածելու փորձերի համար և խոստանում են դա թույլ չտալ՝ չկանգնելով ռազմական ուժի կիրառման առաջ:
«Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շարունակի իրանցիներին թույլ տալ գործել Սիրիայից, ապա Իսրայելը նրան կոչնչացնի և կտապալի նրա ռեժիմը»,- ասել է Շտայնիցը:
Նա կոչ է արել բոլորին, ովքեր «շահագրգռված են Ասադի ողջ մնալու հարցում», համոզել նրան Իսրայելի դեմ ագրեսիվ գործողությունները կանխելու անհրաժեշտության մեջ:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն էլ նախօրեին հայտնել է, որ պատրաստվում է քննարկել Սիրիայում իրանական ներկայության թեման Ռուսաստան մայիսի 9-ին նախատեսված այցի ընթացքում:










