«Փա՛ռք Բարձրյալին, շնորհիվ նախագահ Պուտինի մենք հաղթեցինք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»․ Կադիրով

17:14 • 07.05.18

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ Չեչնիայում հաղթանակ է տարվել ահաբեկչության դեմ պայքարում, վերականգնվել է տնտեսությունը, և երկիրն այժմ խաղաղ կյանք է վարում Ռուսաստանի կազմում, գրում է РИА Новости գործակալությունը։

Ըստ Կադիրովի՝ Չեչնիայում «չկային ո՛չ դպրոցներ, ո՛չ ճանապարհներ, առհասարակ՝ սոցիալական ենթակառուցվածքներ»։

«Փա՛ռք Բարձրյալին, շնորհիվ նախագահ Պուտինի և շնորհիվ նրա կամային որոշումների մենք հաղթեցինք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, վերականգնեցինք տնտեսությունը, լուծում ենք բոլոր սոցիալական խնդիրները», - ասել է Կադիրովը՝ շեշտելով, որ այդ տարիների ընթացքում Չեչնիայում գործազրկության մակարդակը նվազել է շուրջ 10 անգամ՝ մինչև 9 տոկոս։

«Իրականում հանրապետության ներսում կյանքը բոլորովին այլ է, հասարակության հայացքները բոլորովին այլ են։ Ժողովուրդն ապրում է խաղաղ կյանքով։ Դա առաջին հերթին մեր նախագահի (Պուտինի-tert.am), Չեչնիայի առաջին նախագահի (Ահմադ Կադիրովի-tert.am) և Չեչնիայի Հանրապետության ժողովրդի վաստակն է», - նշել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է 4-րդ անգամ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին նախագահական ընտրությունների ժամանակ իրեն տված աջակցության համար և հայտարարել է, որ այն համարում է հսկայական քաղաքական կապիտալ և իր բարոյական հենարանը: