«Քանի դեռ ես նախագահ եմ՝ Մոլդովայում ՆԱՏՕ-ի բազաներ չեն լինի»․ Դոդոն
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ քանի դեռ ինքը երկրի ղեկավարն է՝ իրենց երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ չկան ու չեն էլ լինի։ Այդ մասին Դոդոնն ասել է «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրուցում։
«Ես շրջել եմ Մոլդովայի Հանրապետոթյան տարածքում մեր ռազմաբազաներով․ այս պահին Մոլդովայի տարածքում օտարերկրյա որևէ բազայի կառուցման սպառնալիք կամ փորձ չկա, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում չի էլ լինի։ Համենայն դեպս, քանի դեռ ես նախագահ եմ՝ դա հաստատ չի լինի», - ասել է նախագահը հարցազրույցի ժամանակ։
Դոդոնը համոզված է, որ առանց նախագահի համաձայնության՝ երկրում ՆԱՏՕ-ի բազաներ կառուցելու որևէ շանս չկա, իսկ երկրի բնակչության զգալի հատվածը դեմ է Մոլդովայի տարածքում նման բազաների առկայությանը։
«Նույնիսկ, եթե որևէ մեկը փորձի Սահմանադրական դատարանի միջոցով շրջանցել դա․․․ Մոլդովայում կսկսվեն ժողովրդական հուզումներ, և դա վատ ավարտ կունենա դրա հեղինակների համար»,- ասել է Դոդոնը։










