Ընդդիմությունը գլխավորելն ավելի հեշտ է, քան պետության համակարգային խնդիրները լուծելը. iarex.ru-ն՝ հայաստանյան իրադարձությունների մասին
Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի կարիերան հասել է իր գագաթնակետին, իսկ գագաթնակետից, ինչ ուղղությամբ էլ գնաս, միշտ ճանապարհը դեպի ներքև է տանում, գրում է Ալեքսանդր Խալդեյը iarex.ru կայքում:
Ինչ էլ սկսի անել Փաշինյանն իշխանությունում՝ նրա գործողությունները մտահոգություններ են առաջացնելու՝ միայն այն պատճառով, որ ընդդիմությունը գլխավորելն ավելի հեշտ է, քան պետության համակարգային խնդիրները լուծելը, պետության, որտեղ արդեն ձևավորվել են էլիտաներ և դրանց վերարտադրման մեխանիզմներ:
Հայաստանում ձևավորվել է կլանային համակարգ, և որևէ մեկի հետ Փաշինյանը չի կարող դրա դեմ դուրս գալ: Նրանք իշխանությունն ու սեփականությունը Փաշինյանին չեն զիջի, գրում է նա՝ նշելով, որ բոլորին է հայտնի Մաքսիմիլիան Ռոբեսպյերի, Բորիս Ելցինի, Միխայիլ Գորբաչովի և Պյոտր Պորոշենկոյի ճակատագիրը:
«Համակարգը կարող է ճնշել փողոցի ցանկացած առաջնորդի, ով մտել է իշխանության միջանցքներ: Ճնշումների տակ համակարգի փոփոխությունը կծնի պատասխան պատերազմ, և Փաշինյանը կխորտակվի դրա մեջ, տնտեսությունը կվատթարանա, իսկ Փաշինյանն ամեն ինչի համար մեղավոր կլինի: Ժողովուրդը կսկսի հիասթափվել, սիրուց ատելություն, ինչպես գիտենք, մեկ քայլ է»,- գրում է Ալեքսանդր Խալդեյը:
Հայաստանում առկա համակարգային խնդիրները լուծելու համար բավարար չէ պատերազմ հայտարարել կոռուպցիային: Հայաստանում կոռուպցիան խորհրդային տարիներից այնքան ուժեղ է, որ ոչ մի Նիկոլ Փաշինյան չի կարողանա այն արմատախիլ անել: Այն, ըստ հեղինակի, մասամբ կարող էր լուծել «բացառապես Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելը, ինչի օգտին Հայաստանի ժողովուրդը պատրաստ կլիներ քվեարկել, բայց դեմ կլինեն բոլոր էլիտաները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր»:
Կոռուպցիան իշխող դասակարգի կամքն է, իսկ դրա դեմ դուրս գալ Փաշինյանը չի կարող: Անգամ Ղարաբաղում խաղաղությունը չի կարող բարելավել Հայաստանի տնտեսությունը, «իսկ եթե Նիկոլ Փաշինյանն այնտեղ բարդությունների հասնի՝ Հայաստանի համար առհասարակ աղետ կլինի»: Հայաստանին կարող է օգնել միայն ԵԱՏՄ-ին խորը ինտեգրումը: Բայց Ռուսաստանը պատրաստ չէ ներդրումներ անել Հայաստանում, ԵԱՏՄ-ն դեռ կազմավորման փուլում է, այնպես որ, Հայաստանն առայժմ ընտրություն չունի:
Ալեքսանդր Խալդեյը գրում է, որ որքան վճռական գործի Նիկոլ Փաշինյանը, այնքան ավելի կներքաշվի կոնֆլիկտի մեջ: Փաշինյանի գործողությունների շնորհիվ իշխանությունը հետ կքաշվի, բայց չի հեռանա, իսկ Փաշինյանը կստանա հաղթանակի պատրանք:
«Հայաստանի տնտեսական խնդիրներն օբյեկտիվ բնույթ են կրում և կախված չեն էլիտաների որակից։ Որպեսզի Հայաստանում նույնչափ լավ լինի, ինչպես ԽՍՀՄ-ում էր, պետք է ԽՍՀՄ ստեղծվի: Առանց դրա Հայաստանում կլինի միայն այն, ինչ մինչ այժմ եղել է և ինչ այժմ կա, ով էլ այն ղեկավարի»,- գրում է նա։










