Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Բաշար ալ Ասադը հեռանա․ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան

15:31 • 07.05.18

Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հեռանա իր պաշտոնից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք սիրիացի ժողովրդի փոխարեն որոշումներ չենք կայացնելու, սակայն Բաշար ալ Ասադի պարտադիր հեռացման մասին այլևս խոսք չի գնում», - ասել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ ավելի վաղ Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի ընթացքում ձևակերպվել է գաղափար, որը ենթադրում է սահմանադրական կոմիտեի ստեղծում, որն էլ պետք է զբաղվի նոր Սահմանադրության մշակմամբ։ Այս գաղափարը նաև հավանության է արժանացել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կողմից։

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ Սիրիայի իշխանություններն առայժմ ոչինչ չեն անում այդ գաղափարը կյանքի կոչելու համար։

Ինչ վերաբերում է սիրիացի ներգաղթյալների հետ կապված միգրացիոն խնդրին, Բերմանը նշել է․ «Մենք կնախընտրեինք, որ սիրիացի գաղթականները կարողանային մնալ իրենց երկրում, իսկ դրա համար պետք է հիմնախնդրի քաղաքական լուծում։ Չպետք է թույլ տալ, որ ինչ-որ մեկն ուղղակի կարողանա հետ նվաճել զինյալներից երկրի տարածքն ու Բաշար ալ Ասադը նախկինի պես մնա իշխանության գլխին»։