Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողի, որը քաղաք է ժամանել «Եվրատեսիլ»-ը լուսաբանելու համար

11:13 • 08.05.18

Լիսաբոնում կողոպուտի իրականացման ժամանակ դանակահարել են հույն լրագրողի, որը Պորտուգալիայի մայրաքաղաք է ժամանել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը լուսաբանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի։ Ինչպես հայտնում է Antenna հեռուստաալիքը՝ անհայտ անձը մոտեցել է լրագրողին, դանակով հարվածել նրան ու կողոպտել։ Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։


Star հեռուստաալիքը հայտնում է, որ երիտասարդի մոտ բավականին մեծ գումար է եղել՝ 4.000 եվրո, որը նախատեսված է եղել մրցույթի կիսաեզրափակիչի տոմսերի գնման համար։ 


Ի դեպ, այսօր Լիսաբոնում տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Սևակ Խանաղյանը։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին։

 

Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողի, որը քաղաք է ժամանել «Եվրատեսիլ»-ը լուսաբանելու համար