Իրանի ԿԲ-ն հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդի երկրի տնտեսության վրա
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն ազդեցություն չի թողնի Իրանի տնտեսության վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիուլա Սեյֆը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին: Եթե Ամերիկան դուրս գա գործարքից, մեր տնտեսության վրա դա հետևանքներ չի ունենա»,- ասել է Սեյֆը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի հայտնի քննադատ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մինչև մայիսի 12-ը եվրոպացի գործընկերները չվերացնեն փաստաթղթում առկա թերությունները, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից:
Տվյալ համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա շրջանակում Թեհրանը համաձայնել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, ինչի դիմաց Արևմուտքը մասնակի չեղարկել է Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:










