Ունենք հնարավորություն ՀՀ քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու․ Էդմոն Մարուքյան

13:31 • 08.05.18

ԱԺ ամբիոնից «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ այսօր հիրավի պատմական օր է, այսօրվանից սկսելու են անշրջելի փոփոխություններ:

«Պարոն Սարգսյանը (նկատի ունի Արամ Սարգսյանին) շատ լավ նշեց, որ որոշակի անորոշության մթնոլորտ կա, բայց դա միայն այս շենքում է, մինչև այս շենքը հասնելը ես նման տպավորություն չեմ ստացել»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավորի խոսքով՝ այսօրվա փոփոխություններով պետք է ուրախանան բոլորը՝ ուրախանան՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից:

«Մենք պետք է ուրախանանք, որովհետև վերջապես ունենք հնարավորություն փոփոխություններ կատարելու, մենք ունենք հնարավորություն այդ փոփոխությունները նյութականացնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու»,-ասաց նա:

Նա հիշատակեց, որ ժամանակին ասվել էր, որ քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է: Սակայն, նրա բնորոշմամբ, Հայաստանի նման երկրներում այլ պիտակավորումներ կան քաղաքականությանը, մենք միշտ դրժել ենք, որ կարող են քաղաքականությամբ մարդկանց երջանիկ դարձնել: «Բայց հիմա հնարավորություն կա»,- նկատեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ տարիներ շարունակ ՀՀ-ում եղած համակարգը փտել էր, համակարգը քանդվել է: Դիմելով ԱԺ-ում հավաքվածներին՝ նշեց, որ հիմա մենք հնարավորություն ունենք կառուցելու նոր, ավելի լավ արժեքների վրա խարսխված, քաղաքացիների իրավունքների և շահերի վրա խարսխված պետություն: Գործընկերներին կոչ արեց՝ աջակցել այդ հնարավորությանը:

Նա կանխորոշեց՝ ԱԺ-ում և այլ վայրերում փորձելու են խանգարել նոր կառավարությանը ծրագրեր իրականացնելու ճանապարհին, փորձելու են ամեն ինչ անել, որ այս զարթոնքն իր տեղը չհասնի:

«Դա անհնար է լինելու, ապարդյուն ջանքեր են լինելու: Ես «Ելք» խմբակցության անունից ասում եմ, որ մենք կանգնած ենք հեղափոխության թիկունքում և անվերապահորեն աջակցելու ենք այն փոփոխություններին, որոնք գալու են Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում, վարչապետ ընտրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։