Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։
Իր ուղերձում Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից։
«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ ծրագրերի իրականացումն ու ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումն ամբողջապես համապատասխանում են Ռուսաստանի ու Հայաստանի շահերին», - ասված է Մեդվեդևի ուղերձում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:










