Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ակնկալում է հանդիպել Պուտինի հետ ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին

15:24 • 08.05.18

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին նա ասել է ТАСС-ի թղթակցին:

«Իհարկե, ես պլանավորում եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում», - ասել է Փաշինյանը՝ պատասխանելով թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում ակնկալում են Հայաստանի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և հույս ունեն, որ միջոցառման շրջանակում ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպում տեղի կունենա:

Ինչպես արդեն նշել է Tert.am-ը, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր: