«Դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի դիրքորոշման հետ». Պեսկովը՝ Լեոնտևի «անհաջող» արտահայտությունների մասին

15:51 • 08.05.18

Կրեմլում անհաջող են համարում հեռուստալրագրող, «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:

«Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Եվ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունը:

Ավելի վաղ Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտնել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել է Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։