Պուտինը ցանկանում է ետ բերել ԽՍՀՄ-ը․ Պորոշենկո

18:41 • 08.05.18

Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Ուկրաինան և վերադարձնել այն ԽՍՀՄ կազմի մեջ:

Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Նա (նկատի ունի ՌԴ նախագահ Պուտինին) ցանկանում է ետ բերել ԽՍՀՄ-ը։ Նա պատասխանել է այն հարցին, թե որն է, ըստ իրեն, 20-րդ դարի խոշորագույն աղետը․ դա Երկրորդ համաշխարհային պատերազմը չէր, Հիրոսիման չէր, Չերնոբիլը չէր, այլ ԽՍՀՄ փլուզումը։ Դա նրա մտածողությունն է»,- ասել է Պորոշենկոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է «ետ նվաճել» Ուկրաինան։

«Այո, նվաճել։ Եվ վերադարձնել ԽՍՀՄ կազմ կամ Ռուսական կայսրություն։ Ինչպես որ ավելի հարմար գտնեք»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Պորոշենկոն շեշտել է, որ Դոնբասում ձեռնարկված գործողություններով Ռուսաստանը ցանկանում է ապակայունացնել Ուկրաինան ու վարկաբեկել Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության ձեռքբերումները, որոնք ուկրաինացի ժողովուրդն ունեցավ վերջին 4 տարում։