Պուտինը շնորհավորել է նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին, ինչպես նաև Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիներին՝ Հաղթանակի օրվա առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախկին ԽՍՀՄ անդամ երկրների առաջնորդներին և Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է Взгляд պարբերականը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախագահներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովրդին։
Իր շնորհավորական ուղերձներում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միասնականության ու նմանը չունեցող հերոսության խորհրդանիշն է՝ շեշտելով, որ «ԽՍՀՄ ժողովուրդներն ուս ուսի տված պայքարել են ոչ միայն Հայրենիքի, այլև համայն մարդկության՝ ֆաշիզմից ազատագրվելու համար»։
Պուտինը նաև նշել է, որ նման ողբերգական իրադարձությունների կրկնությունն ուղղակի անթույլատրելի է, և ընդգծել, որ դա հանդիսանում է նաև ներկա սերնդի պարտքը։










